ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոմանց անակնկալի բերեց, ոմանք ասացին, որ այն սպասելի էր, ոմանք համարում են դա քաղաքական որոշ ուժերի նախաձեռնության արդյունք, որոնց հաջողվեց Սերժ Սարգսյանին ստիպել գնալու որոշակի զիջումների: Գտնվեցին նաև անհատներ, որ ՀՀ վարչապետի հրաժարականը պայմանավորեցին նաև արտաքին գործոններով, այն է` Մոսկվայի թելադրանքով: Քաղաքական այն ուժերն էլ, որոնք տարիներ շարունակ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսօր էլ շարունակում են պնդել, որ հասնելու են ամբողջական իշխանափոխության:
Հնարավո՞ր է այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգի պայմաններում ակնկալել, որ իշխանափոխության դեպքում կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի Հայաստանում հնարավոր լինի անցկացնել արդար ընտրություններ:
«Պետք է լինեն շատ լուրջ փոփոխություններ` տնտեսության ազատականացում, ազատ շուկայական հարաբերություններ: Պետք է վերափոխումների ենթարկվեն կուսակցությունները, և ներկուսակցական ժողովրդավարական մեխանիզմները պետք է ամրագրվեն նաև օրենքներով: Այդ իսկ պատճառով էլ դեռ երկար ժամանակ Հայաստանում հնարավոր չի լինի անցկացնել արդար ընտրություններ: Բայց դա չի նշանակում, որ չպետք է լինի իշխանափոխություն: Եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ ժամանակ անց հասնենք նրան, որ տեղի ունենան արդար ընտրություններ, ապա Սերժ Սարգսյանը միանշանակ պետք է հրաժարական տա: Դա կլինի առաջին քայլը այդ ճանապարհին»,- կարծում է մեր զրուցակիցը:
Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր չէ, որ ներիշխանական կամ ներպալատական հեղաշրջման հետևանքով իշխանության գան օդիոզ դեմքեր (հատկապես որ Հայաստանում եղել է նման մի հեղաշրջում- Թ. Հ.):
«Ես այս պահին Սերժ Սարգսյանից ավելի օդիոզ դեմք չեմ պատկերացնում: Սերժ Սարգսյանը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ` քաղաքական տեխնոլոգ: Նա 1995 թվականից սկսած ներգրավված է եղել ընտրությունների կեղծման համակարգի ձևավորմանը և այդ համակարգի հենասյուններից մեկն է: Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ նրա լավ աշակերտ Հովիկ Աբրահամյանի հեռացումը հենց առաջին քայլը կլինի, որ կարողանանք ապագայում ազատ ընտրությունների անցկացման մեխանիզմ ձևավորել»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
«Իսկ մտավախություն չունե՞ք, որ հենց Հովիկ Աբրահամյանը, որը լավագույնս մարմնավորում է քրեաօլիգարխիկ համակարգի դեմքը, կարող է իր համար ճանապարհ հարթել դեպի ՀՀ նախագահի աթոռ»,- հարցրեցինք մեր զրուցակցին:
«Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը նույն կարգի մարդիկ են և պետք է հեռանան միասին: Հովիկ Աբրահամյանը պետք է քաղաքական ապագա չունենա Հայաստանում: Ես չեմ պատկերացնում, որ Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ ՀՀ նախագահ»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ